Արտաշես Ա



Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով[2]։

Մինչև Արտաշես Ա-ի գահակալությունը հարևան երկրները՝ օգտվելով Մեծ Հայքի թուլացումից, զավթել էին նրա ծայրամասային երկրամասերը։ Արտաշեսը և Զարեհը ձեռնամուխ եղան հայկական հողերի վերամիավորմանը։ Արտաշես արքան ոչ միայն վերամիավորեց Մեծ Հայքից զավթված տարածքները, այլև քայլեր ձեռնարկեց իր թագավորությանը միացնելու նաև Ծոփքը, Կոմագենեն և Փոքր Հայքը[3]։

Մեծ Հայքը Արտաշես Ա-ի օրոք

Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը։ Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում Փայտակարանը և Պարսպատունիքը։ Հայաստանին է միավորվում նաև Ուրմիո լճի արևմտյան ափերն ընկած հողերը՝ Պարսկահայքը։ Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք, որը զավթել էր հայկական Կղարջքը և Գուգարքը։ Հայոց զորավար Սմբատ Բագրատունին ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթված տարածքները։ Վրացական կողմը պարտավորվում է «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և զորք տրամադրել հայոց արքային։ Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարինը ու Դերջանը, ինչպես նաև Եկեղեացգավառը։ Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված Տմորիք երկրամասը՝ Կորճայք նահանգը[5]։

Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, որն իր հերթին ազատագրել էր հայկական երկրամասերն արևմուտքում, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին։ Այստեղ, սակայն, հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի համառ դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց Ծոփքի միացումը[2]։

Հույն աշխարհագրաագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին[6]։

Մ.թ.ա. 183-179 թվականներին Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց մի կողմից՝ Պոնտոսի ու Փոքր Հայքի և մյուս կողմից՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև։ Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար։ Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես Ա-ն։ Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին՝ հետագայում վերջինս իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով։ Իսկ երբ Մարաստանի Սելևկյան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես Ա-ն Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան[7]։

Բանակ

Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ։ Այդ պատճառով է, որ հույն պատմիչը նրան անվանում է «Մեծ Հայքի մեծ մասի կառավարիչ», իսկ մի այլ պատմիչ՝ հույն աշխարհագետ Ստրաբոնը, գրում է՝

Aquote1.png Մեծ Հայքը... աճել է Արտաշեսի ջանքերով... և այստեղ բոլորը միալեզու հայալեզու են
— Ստրաբոն
Aquote2.png
Warriorsofarmenia.jpg

Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության։

Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ։ Արտաշես Ա-ն մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը մինչև արքայական բանակի հասնելը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները։ Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները։ Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը։ Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ այդ բոլոր տարածքների բնակչությունը հայախոս էր[4]։

Այսպիսով՝ Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ[6]։

Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները[3]։

Ներքին քաղաքականություն

Տնտեսության զարգացում

Արտաշես Ա-ն վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն հայոց արքան չի դաշնակցել Հռոմի հետ, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդին՝ Կարթագենի զորավար Հաննիբալին[3]։

Մ.թ.ա. 165 թվականին հարավում Արտաշես Ա-ն բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։

Արտաշես Բարեպաշտի բարեփոխումների շարքում առանձնանում է հողային ռեֆորմը։ Չնայած երկրում տիրում էր ստրկատիրական հասարակարգ, սակայն ի տարբերություն հունա-հռոմեական «դասական» ստրկատիրության, ուր աշխատավոր դասակարգը հիմնականում կազմված էր ստրուկներից, Հայաստանում աշխատավորների հիմնական մասը ազատ գյուղացիներն էին, որոնք միավորված էին համայնքներում։ Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից և դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին՝ դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը։

Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը։ Դա վնաս էր պետությանը, քանի որ համայնքներն էին թագավորին տալիս հարկ և զորք։ Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում և համայնքների ու ագարակների միջև կանգնեցրեց արամերեն արձանագրությամբ հողաբաժան սահմանաքարերը։ Այս բարեփոխումը կարգավորել է հողի սեփականության խնդիրը՝ արգելելով ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների հողերը